Մեր ներկա վիճակը և գոնե դրա կարճաժամկետ հեռանկարը օբյեկտիվորեն գնահատելու համար շատ կարևոր է սթափ կերպով հասկանալ ռուս-թուրքական փոխհարաբերությունների մի կարևոր առանձնահատկություն։
Այդ առանձնահատկության հիմքերի հիմքը ռուսների ու թուրքերի շահերի գլոբալ հակասությունն է, կապված այն բանի հետ, որ ռուսները շատ մեծ պոտենցիալ վտանգ են տեսնում Թուրքիայի կողմից, որը էկզիստենցիալ բնույթ է ստանում Արևմուտք-Ռուսաստան ներկա հակամարտության պայմաններում։
Այս պայմաններում, Թուրքերի կողմից եկող մեծ վտանգը, որը թուրքական աշխարհի համար նույնպես մեծ քաղաքական շահի պոտենցիալ աղբյուր է, կոմպենսացնելու համար ռուսները մտածել են համարյա թե հնարավոր միակ լուծումը։
Դա տարբեր ճանապարհներով Թուրքիայի համար այնպիսի գումարային շահ ապահովելն է, որը, ավելի մեծ լինելով նշված մեծ քաղաքական շահից, կարողանա դառնալ թուրքերին զսպող իրական ուժ։
Թվում է, որ միայն այդպես կարող ենք մեկնաբանել ռուսների կողմից թուրքերին տրված և տրվող նվերների շարքը և թուրքերի կողմից կատարված շատ լուրջ թշնամական ակտերը մի կերպ կոծկելը։
Հակառակ դեպքում, անհնարին է հասկանալ թուրքերի կողմից ինքնաթիռ խփելու, օդաչուին օդում գնդակահարելու, դեսպան սպանելու, Ուկրաինային օգնելու և այլ հակառուսական ակտերի ֆոնի վրա ռուսների այնպիսի պրոթուրքական գործողությունները, ինչպիսիք են իրենց միջոցներով թուրքերի համար ատոմակայան սարքելը, Թուրքիան էներգետիկական հաբ սարքելը, նրան ցորենի գործարքի մաս դարձնելը, և այլն, և այլն։
Սա հակառակորդի կողմից եկող քաղաքական վտանգով պայմանավորված պոտենցիալ մեծ շահը տնտեսական ու քաղաքակամ բնույթի ավելի մեծ գումարային շահով հավասարակշռելու ու բալանսի բերելու օրինակ է, որը, պարզ է նաև, որ լավ կյանքից չի գալիս։
Եվ հենց այս ֆոնի վրա էլ մենք պետք է փորձենք հասկանալ մեր վիճակը։
Պավել Բարսեղյան